Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վրաստանի Արդարադատության և Պատիժների կատարման ու պրոբացիայի նախարարներին
Հունիսի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վրաստանի Արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիին և Վրաստանի Պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլիին` ուղեկցությամբ ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլիի:
Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակություն հայտնեց երկու պետությունների, մասնավորապես արդարադատության ոլորտում երկու նախարարությունների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների և զարգացող համագործակցության առիթով:
Նորին Սրբությունը կարևորեց նաև, որ հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության ու քրիստոնեական միևնույն արժեքների վրա խարսխված հարաբերությունները տարբեր ոլորտներում առավել զորանան ու շարունակեն պտղաբերել:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Վրաց Ուղղափառ Եկեղեցիների հարաբերություններին, ինչպես նաև հայկական եկեղեցիները Վիրահայոց թեմին վերադարձնելու խնդրին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: