Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վերածնունդ» միջազգային փառատոնի ժյուրիի անդամներին
Ապրիլի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Վերածնունդ» միջազգային 5-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին: Ամենամյա այս մրցույթ-փառատոնն անցկացվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ:
Հանդիպման սկզբում ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց փառատոնի ժյուրիի անդամներին:
Այնուհետև աշխարհի տարբեր երկրներից ժամանած երաժիշտների այցը հայոց նվիրական հոգևոր կենտրոն ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց «Փյունիկ» հիմնադրամին, հանձին հիմնադրամի համանախագահ և ազգային բարերար Գաբրիել Ջամբարջիի, ինչպես նաև մրցույթի կազմակերպիչներին ու ժյուրիի անդամներին` միջազգային փառատոնի անցկացման համար ներդրած գովարժան աշխատանքի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ ավանդույթ դարձած այդ գեղեցիկ նախաձեռնությունը շարունակական կլինի, որը խրախուսվում է երիտասարդ կատարողներին և հարստացնվում նրանց փորձառությունը: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայ Եկեղեցու անցած դժվարին ճանապարհին և վերջին տարիների ձեռքբերումներին ու առաքելությանը հայ ժողովրդի կյանքում: