Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վաղարշապատի քաղաքապետին եւ ավագանուն
Դեկտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Վաղարշապատի քաղաքապետ Գագիկ Ավագյանին եւ քաղաքի ավագանու անդամներին:
Հայոց Հայրապետը հանգամանորեն անդրադարձավ Եկեղեցու առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին, ժողովրդի կյանքում Եկեղեցու հոգեւոր առաքելությանը` հաստատելով, որ «Հոգեւորով է պայմանավորված մեր բարեկեցիկ վիճակը. այլապես ձեռք բերված ամեն ինչ պիտի փոշիանա, եթե հոգեւոր-բարոյական արժեքներն ու հոգեւորը չենք դարձնում հիմը մեր կյանքի»:
Հանդիպման ընթացքին Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Մայր Աթոռի կողմից Վաղարշապատում իրականացվող զանազան բարեգործական ձեռնարկներին` մանկական խաղահրապարակը Ներսիսյան անտառում, հայորդյաց տունը, 200 տարեցների սպասավորող բարեգործական ճաշարանը, մանկական ատամնաբուժարանը: Նշվեց, որ առաջիկա տարի Մայր Աթոռի հովանու ներքո կսկեն գործել որբանոցն ու ծերանոցը: Որոշակի նորոգություններից հետո քաղաքացիների համար կգործարկվեն նաեւ լողավազանն ու սպորտային խաղադաշտը:
Անդրադառնալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ քաղաքապետարանի համագործակցությանը եւ քաղաքին ցուցաբերվելիք օգտակարությանը` Վեհափառ Հայրապետը վերհաստատեց Մայր Աթոռի պատրաստակամությունը հնարավորինս աջակցել քաղաքապետարանին տարբեր ծրագրերի իրագործման մեջ: