Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովենիայի Հանրապետության նախագահին
Հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սլովենիայի Հանրապետության նախագահ Դանիլո Թյիրկին` ուղեկցությամբ ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի:
Ողջունելով Սլովենիայի նախագահի այցը Հայ Առաքելական Եկեղեցու հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետը ներկայացրեց Եկեղեցու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձավ պատմական դժվարին շրջաններին եւ հոգեւոր կյանքի ներկայիս զարթոնքին: Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը նաեւ գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Սլովենիայի միջեւ հարաբերությունների հաստատման առիթով` մաղթելով, որ ժամանակի ընթացքում դրանք ավելի ջերմանան եւ արդյունավորվեն սերտ համագործակցությամբ: Երկրների միջեւ համագործակցության ձեւավորման առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց. «Նմանատիպ կապերը մեզ մոտ ամրացնում են հույսը խաղաղ, ապահով ու անվրդով աշխարհի համար»:
Իր հերթին պրն. Թյիրկն երախտագիտություն հայտնեց ընդունելության համար եւ ներկայացրեց այցի իր տպավորությունները, նշելով, որ Սլովենիայի ժողովուրդը տեղյակ է հայ ժողովրդի բազմադարյա պատմությանը եւ քրիստոնեական հարուստ մշակույթին: Անդրադառնալով երկու երկրների հարաբերություններին` Սլովենիայի նախագահը նշեց. «Աշխարհագրականորեն հեռու ենք, սակայն շատ ընդհանրություններ ունենք. մեծ ապագա պիտի ունենա մեր համագործակցությունը»:
Սլովենիայի նախագահը խոսեց խաղաղ աշխարհի կառուցման գործում հոգեւոր առաջնորդների կարեւոր դերակատարության մասին: Այս առնչությամբ Նորին Սրբությունը նշեց Հայ Եկեղեցու` այլ կրոնների հետ խաղաղ գոյակցության պատմական փորձառությունը, ինչպես նաեւ ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության մեջ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաեւ Եկեղեցի-պետություն հարաբերություններին, Եվրոպայում արձանգրվող քրիստոնեական արժեքների ու աշխարհայացքի նահանջի դրսեւորումներին, ընդգծվեց հոգեւոր արժեքների զորացման անհրաժեշտությունը հանուն մարդկության խաղաղ ու բարօր կյանքի: