Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սիդնեյի Համազգային «Արշակ եւ Սոֆի Գոլսթն» ճեմարանի սաներին
Հոկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Պատարագի ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած Համազգային «Արշակ եւ Սոֆի Գոլսթն» ճեմարանի սաներին` ուղեկցությամբ ճեմարանի տեսուչ Քայլար Միքայելյանի:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունը բերեց երիտասարդ ուխտավորներին` բարձր գնահատելով եւ հաջողություններ մաղթելով նրանց նրանց կարեւոր առաքելությանը, որը Հայրենիքի ճանաչողության եւ ազգային ոգու առավել զորացման հրաշալի առիթ է: Հանդիպմանը երիտասարդները Նորին Սրբությանը ներկայացրեցին իրենց տպավորությունները Մայր Հայրենիքից:
* * *
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Երեւանի Պետական համալսարանի 90-ամյակի միջոցառումների եւ «Համալսարանական կրթությունը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի առիթով Հայաստան ժամանած տարբեր երկրների համալսարանների պատվիրակությունների ներկայացուցիչներին` ուղեկցությամբ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի:
Ողջունելով գիտնականների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունը հայտնեց Երեւանի պետական համալսարանի եւ տարբեր երկրների կրթական բարձրագույն հաստատությունների միջեւ ձեւավորված սերտ համագործակցության եւ բարեկամական կապերի համար: Նորին Սրբությունը նաեւ շնորհավորեց ԵՊՀ ռեկտորին եւ դասախոսներին համալսարանի հոբելյանի առիթով` անդրադառնալով համալսարանի կարեւոր առաքելությանը կրթության ոլորտում եւ գիտական մտքի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումին:
Հանդիպման ավարտին հյուրերն այցելեցին Վեհարանի թանգարան, ծանոթացան Հայոց Եկեղեցու գանձերին եւ արժեքներին: