Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Պաշտպանության նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Սերբիայի Պաշտպանության նախարարին 25.11.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Պաշտպանության նախարարին

     Նոյեմբերի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սերբիայի Հանրապետության Պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը, հույս հայտնեց, որ այն պտղաբեր կլինի և կնպաստի զինվորականների հմտությունների առավել զարգացմանը: Նորին Սրբությունը մաղթեց, որ երբեք հայ և սերբ զինվորները հարկադրված չլինեն իրենց ձեռքը զենք առնելու Հայրենիքի պաշտպանության համար, այլ լինեն իրենց ժողովուրդների խաղաղ, անվտանգ ու բարօր կյանքի երաշխավորը:
     Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ կատարեց նաև պատմության ընթացքում հայ և սերբ ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին` նշելով, որ առաջնորդությամբ Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների դրանք հաղթահարվել են արիությամբ, ամուր հավատքով և հայրենիքի հանդեպ սիրով:
     Նախարար Բրատիսլավ Գաշիչն իր հերթին շնորհակալություն հայտնեց Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու ժողովուրդների պատմական անցյալի և երկու երկրների ներկայիս գործակցության մասին` պրն. Գաշիչն ընդգծեց, որ երկկողմ հարաբերություններն այժմ բարեկամական լինելուց ավելին են: Իր խոսքում նախարարը անդրադարձ կատարեց Սերբիայի հայ համայնքի կյանքին:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Սերբիայի Պաշտպանության նախարարը խոսեցին նաև երկու երկրների բանակներում գործող հոգևոր սպասավորների ծառայության, ինչպես նաև Հայաստանյայց Առաքելական և Սերբ Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրեց Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Սերբ Ուղղափառ Եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության և Հայ Եկեղեցուն ու ժողովրդին բերած զորակցության մասին:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: