Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սերբիայի Հանրապետության նախագահին
Հուլիսի 29-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչին` ուղեկցությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի:
Ողջունելով Սերբիայի Հանրապետության նախագահի այցը հայոց հոգեւոր կենտրոն` Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու պետությունների եւ ժողովուրդների միջեւ ստեղծված եղբայրական ջերմ կապերին եւ հույս հայտնեց, որ այս այցից հետո դրանք առավել կզորանան ու կամրապնդվեն` ի շահ հայ եւ սերբ ժողովուրդների բարօրության: Նշելով, որ Հայ Առաքելական Եկեղեցին եղբայրական ջերմ հարաբերություններ եւ կապեր ունի Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու հետ` Նորին Սրբությունն ընդգծեց երկու եկեղեցիների համագործակցությունը միջեկեղեցական հարաբերություններում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սերբիայի Հանրապետության նախագահ Բորիս Տադիչն իր հիացմունքն արտահայտեց հայ մշակույթի եւ քրիստոնեական արժեքների հանդեպ: Խոսելով իր երկրի կյանքում Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու կարեւոր դերակատարության մասին` Բորիս Տադիչը հույս հայտնեց, որ երկու երկրների հարաբերությունների սերտացմանը զուգընթաց կզորանան ու առավել կամրապնդվեն նաեւ երկու եկեղեցիների միջեւ հարաբերությունները:
Հանդիպման վերջում Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները հայտնեց Սերբիայի նախագահին` Տիրոջ օգնականությունը հայցելով երկու բարեկամ եւ քրիստոնյա ժողովուրդների համար: Հայոց Հայրապետը իր եղբայրական սիրո ողջույնը փոխանցեց նաեւ Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու գահակալ Պավել Պատրիարքին եւ Ս. Սինոդի բոլոր անդամներին:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը, վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը, երկու երկրների դեսպանները, պաշտոնատար այլ անձինք: