Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին
Մայիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի և ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի:
Հանդիպման սկզբում Ամենայն Հայոց Հայրապետը, ողջունելով Սանկտ Պետերբուրգի նահանգապետին, ուրախություն հայտնեց հայ ժողովրդի համար նվիրական այս օրերին, երբ ոգեկոչվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալելու հայ ժողովրդի և Հայ Եկեղեցու ազնիվ բարեկամին:
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձավ երկու բարեկամ ժողովուրդների դարավոր սերտ ու եղբայրական հարաբերություններին` դրանց լավագույն դրսևորում համարելով Հայոց Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցելությունը Հայաստան:
Վեհափառ Հայրապետն իր գոհունակությունն արտահայտեց նաև Սանկտ Պետերբուրգի և քաղաքամայր Երևանի միջև ձևավորված կապերի առիթով` բարի արդյունավորում մաղթելով նորահաստատ համագործակցությանը:
Զրույցի ընթացքում Սանկտ Պետերբուրգի նահանգապետը ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին՝ իր խոսքում կարևորելով նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դերը համայն հայության և ողջ քրիստոնյա աշխարհի կյանքում:
Վերջում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տիար Գեորգի Պոլտավչենկոյին մաղթեց, որ նրա բոլոր նվիրական իղձերն ու փափագներն իրականություն դառնան` հանուն Ռուսաստանի Դաշնության և նրա բարեպաշտ ժողովրդի պայծառության և բարօրության:
Հանդիպմանը ներկա էին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: