Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուս և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ներկայացուցիչներին
Մայիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համայն Ռուսիո Պատրիարքի Մոսկվայի թեմի պատրիարքական տեղապահ, Նովոսպասյան հայրապետական վանքի վանահայր Վոսկրեսենսկի եպիսկոպոս Սավվային և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկային (Ռումին Ուղղափառ Եկեղեցի), ովքեր Հայաստան էին ժամանել Աբովյանի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման առիթով:
Հանդիպմանը Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով քույր Եկեղեցիների ներկայացուցիչներին, ուրախություն հայտնեց համայն հայության հոգևոր կենտրոն նրանց այցի առիթով: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց, որ Հայ Եկեղեցու հարաբերությունները Ռուս և Ռումին Ուղղափառ եկեղեցիների, ինչպես նաև Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի կառույցների հետ հատկանշվում են յուրահատուկ ջերմությամբ և գործակցության ոգով:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Ռուսաստանի Դաշնությունում և Ռումինիայում հազարամյակների պատմություն ունեցող հայ համայնքների ազգային-մշակութային կյանքին, ընդգծվեց հայորդիների կարևոր ներդրումը Ռուսաստանի և Ռումինիայի կյանքում:
Նորին Սրբությունը նաև անդրադարձավ եկեղեցաշինությանը, հոգևորականների պատրաստման անհրաժեշտությանը, հայ ժողովրդի հոգևոր կյանքի ու հավատքի, ազգային սրբությունների ու արժեքների նկատմամբ ունեցած հավատարմությանը:
Նորին Սրբազնություն Սավվա եպիսկոպոսը, իր հերթին շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռի ջերմ ընդունելության համար, Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի ողջույններն ու բարեմաղթանքները: Եպիսկոպոսն իր ջերմ տպավորությունները կիսեց Սևանի Վազգենյան դպրանոց կատարած այցելությունից: Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկան ևս իր ուրախությունն արտահայտեց Հայաստան այցի առիթով` նշելով, որ Բոսեի էկումենիկ դպրոցը պատրաստ է շարունակել հյուրընկալել հայ եկեղեցականների:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Արթիկի թեմի առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը և Ծիսահայեցակարգային գրասենյակի պատասխանատու Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանը:
Նույն օրը Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Բոսեի էկումենիկ դպրոցի տնօրեն Հայր Իուան Սաուկան Գևորգյան հոգևոր ճեմարանում հանդես եկավ «Էկումենիզմ և ուղղափառություն» թեմայով դասախոսությամբ: