Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը
Սեպտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռուս Ուղղափառ Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Տամբովի և Ռասկազովսկի Գերաշնորհ Թեոդոսիոս Միտրոպոլիտի:
Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գոհունակությունը հայտնեց, որ Քույր Եկեղեցիների ներկայացուցիչները, ընդառաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրավերին, Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողության առիթով ժամանել են Հայաստան: Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանության ոգեկոչման 100-րդ տարում Քրիստոնեական Եկեղեցիների ներկայությունը հոգևոր մեծ զորակցություն է Հայ Եկեղեցուն և հայ ժողովրդին:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավոր անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին` նշելով, որ դրանք նաև երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի արտահայտությունն են:
Իր հերթին Միտրոպոլիտ Թեոդոսիոսը Ամենայն Հայոց Հայրապետին փոխանցեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի եղբայրական ողջույնները` ուրախություն հայտնելով, որ Հայ Եկեղեցու կյանքում այս կարևոր արարողությանն իր մասնակցությունն է ունենալու:
Միտրոպոլիտը խոսեց նաև Հայ Եկեղեցու կողմից` Մեծ Եղեռնի նահատակների սրբադասման մասին: Այս կապակցությամբ Ռուս Եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչը նշեց, որ յուրաքանչյուր ժողովուրդ և երկիր եթե չի հիշում իր անցյալը, չունի նաև ապագա:
Զրույցի ընթացքում Նորին Սրբազնությունը Ամենայն Հայոց Հայրապետին տեղեկացրեց Տամբովի հայ համայնքի հոգևոր-ազգային կյանքում տեղ գտած կարևոր իրադարձության` հայկական եկեղեցու հիմնարկեքի մասին: