Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի գրողների միության քարտուղարներին
Հոկտեմբերի 8-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՊՀ եւ Բալթյան երկրների թարգմանիչների ու հրատարակիչների երրորդ համաժողովի առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի կազմակերպության վարչության քարտուղարներ Մաքսիմ Զամշեւին եւ Ալբերտ Օհանյանին:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանից ժամանած հյուրերը Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանձնեցին միության Ա.Ս. Գրիբոեդովի անվան հուշամեդալը:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց Ռուսաստանի գրողների միության վարչության անդամներին եւ շնորհակալություն հայտնեց բարձր պարգեւի համար` այն նկատելով երկու հավատակից ժողովուրդների բազմադարյա բարեկամության արտահայտություն: Նորին Սրբությունը հաջողություններ եւ նորանոր ներշնչումներ մաղթեց գրողներին իրենց ստեղծագործական կյանքում:
Հանդիպմանը ներկա էր Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը: