Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետին

Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Յուրի Բալուևսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի և ՀՀ բանակի հոգևոր առաջնորդ Տ. Նորայր աբղ. Սիմոնյանի ուղեկցությամբ:
Ողջունելով հյուրերին` Նորին Սրբությունն իր բարեմաղթանքները հայտնեց ներկաներին, որպեսզի նրանց համագործակցությամբ դարավոր եղբայրությունը երկու ժողովուրդների միջև շարունակի ամրանալ, զորանալ և բարի արդյունավորում ունենալ: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը հյուրերին ներկայացրեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմությունն ու առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:
Իր հերթին, Յուրի Բալուևսկին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար, նշելով. «Զինվորականներիս համար այն բարեկամությունը, որ միավորել է մեր ժողովուրդներին, հանդիսանում է այն հիմքը, որի վրա հաստատվել է, կանգուն է և մնալու է մեր ժողովուրդների եղբայրությունը: Այդ ընկերությունը փորձվել է դարերով, թրծվել է հայ և ռուս ժողովուրդներին բաժին ընկած ծանրագույն փորձություններով»:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ՀՀ զինված ուժերում Հայ Եկեղեցու սպասավորների հոգևոր ծառայության մասին: Անդրադարձ եղավ Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա եղբայրական հարաբերություններին: