Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության դեսպանին

Սեպտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին:

Ողջունելով նորանշանակ դեսպանին հայոց հոգեւոր կենտրոնում` Վեհափառ Հայրապետը հաջողություններ մաղթեց Վյաչեսլավ Կովալենկոյին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում` հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարության շրջանում առավել կսերտանան եւ կամրապնդվեն երկու ժողովուրդների դարավոր բարեկամական կապերը, ինչպես նաեւ համագործակցությունը Մայր Աթոռի եւ դեսպանատան միջեւ: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցու ջերմ եւ եղբայրական հարաբերություններին, որոնք արդյունավորվում են համատեղ տարաբնույթ ծրագրերով:

ՌԴ դեսպան Կովալենկոն շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության եւ բարեմաղթանքների համար` անդրադառնալով հայ-ռուսական կապերին եւ դեսպանատան ապագա ծրագրերին: