Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարարին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարարին  12.10.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ տրանսպորտի նախարարին

Հոկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին` ուղեկցությամբ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի:

Հանդիպմանը ՀՀ եւ ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահն ուրախություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման առիթով` տեղեկացնելով անցած օրերի ընթացքում հանձնաժողովի կողմից կատարված աշխատանքների մասին:

Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց երկու երկրների պատվիրակությունների արդյունավետ համագործակցության առիթով` ընդգծելով, որ այն համահունչ է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությանը եւ եղբայրական ոգուն: Նորին Սրբությունը ողջունեց Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական գործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերը` հաջողություն մաղթելով միջկառավարական հանձնաժողովի հետագա աշխատանքներին:

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու երկրների հոգևեւր կյանքին, Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ փոխհարաբերություններին: Խոսվեց նաեւ հասարակական կյանքում հոգեւոր արժեքների կարեւոր դերակատարության մասին: