Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ կառավարության նախագահին

Փետրվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Վիկտոր Զուբկովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով ՌԴ վարչապետի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկու պետությունների միջեւ զարգացող ու առավել ամրապնդվող հարաբերություններին ու գործակցությանը տարբեր ոլորտներում: Հայոց Հայրապետը, ի դեմս վարչապետ Զուբկովի, իր գնահատանքը հայտնեց նաեւ ՌԴ իշխանություններին` Ռուսաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար:

Իր հերթին, պրն. Զուբկովը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված ջանքերի եւ ուշադրության համար: ՌԴ կառավարության նախագահը ներկայացրեց Հայաստան այցի արդյունքները` վստահեցնելով, որ հայ-ռուսական համագործակցությունը պիտի շարունակի առավել զարգանալ:

Հանդիպման ընթացքին անդրադարձ եղավ նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին:

Հանդիպման ավարտին պրն. Զուբկովի գլխավորած պատվիրակությունն եղավ նաեւ Վեհարանի թանգարանում, այցելեց Մայր Տաճար: