Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Արտաքին գործերի նախարարին
Ապրիլի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին եւՀՀ Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին` ՀՀ ԱԳ փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանի երկու երկրների դեսպանների ուղեկցությամբ:
Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը, երկու պետությունների միջեւ զարգացող ու ամրապնդվող հարաբերություններին ու գործակցությանը տարբեր մակարդակներում: «Վստահ ենք, որ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամությունը պիտի շարունակի բարի արդյունքներ բերել մեր երկու ժողովուրդներին, եւ մենք, որպես Եկեղեցի, մեր սիրեցյալ հոգեւոր եղբոր` Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Բ-ի հետ միասին պիտի փորձենք մեր նպաստը բերել այդ հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը»,- ասաց Վեհափառ Հայրապետը:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործում Ռուսաստանի Դաշնության բերած կարևոր մասնակցության համար: Հայոց Հայրապետն ի դեմս պրն. Լավրովի նաեւ իր գնահատանքը հայտնեց ՌԴ իշխանություններին Ռուսաստանում հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար:
Իր հերթին, պրն. Լավրովը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւոր նկատեց Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների գործակցությունը: «Մենք արժեւորում ենք մեր բարեկամությունը, գործընկերությունը եւ համագործակցությունը: Գնահատում ենք այն ուշադրությունը, որ Հայաստանում դարձվում է ռուս մշակույթին...»,- իր խոսքում նշեց Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Հանդիպման ավարտին պրն. Լավրովի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաեւ Վեհարանի թանգարան: