Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի խորհրդի անդամներին
Հոկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի 15-ամյակի առիթով:
Ողջունելով հյուրերի այցը համայն հայության հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը իր գնահատանքը հայտնեց հիմնադրամի անդամներին` աշխարհասփյուռ հայ ժողովրդին եւ Հայաստանին օգտակար ծառայություն բերելու համար: Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հիմնադրամի աշխատանքներում Հայոց Եկեղեցու մասնակցության եւ ձեւավորված սերտ համագործակցության համար:
Հիմնադրամի խորհրդի համանախագահներ Մայքլ Հարաթունյանը եւ վեր. Վիկտոր Մակարին խորհրդի անունից շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ընդունելության համար եւ վստահեցրեցին, որ հիմնադրամը պիտի շարունակի համագործակցել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հետ:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունը արգասավոր աշխատանք եւ բարի արդյունքներ մաղթեց հիմնադրամի գործունեությանը:
Այնուհետեւ «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները մասնակցեցին Ս. Պատարագի արարողությանը: Վերջում տեղի ունեցած հոգեհանգստյան պաշտոնի ընթացքում աղոթք բարձրացվեց հիմնադրամի բարերար Վարդան Ջինիշյանի հոգու հանգստության համար:
* * *
Նույն օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց նաեւ Ֆրանսիայի Պրովանս-Ալպ-Կոտ դ
’Ազյուրի նահանգապետ Միշել Վոզելի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանի:Հանդիպմանը Նորին Սրբությունը եւ պրն. Վոզելը վերհիշեցին Վեհափառ Հայրապետի Հովվապետական այցը Մարսել, ինչպես նաեւ նահանգապետի բազմաթիվ այցերը Հայաստան եւ հայոց հոգեւոր կենտրոն:
Զրույցի ընթացքում կարեւոր նկատվեցին փոխայցելությունները, որոնցով շարունակ նորոգվում են սերը եւ փոխադարձ հարգանքը, զորանում են բարեկամական կապերը եւ համագործակցությունն երկու ժողովուրդների եւ պետությունների միջեւ: