Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պլովդիվի հայ համայնքի ներկայացուցիչներին
Հուլիսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Պլովդիվի (Բուլղարիա) հայ համայնքի ներկայացուցիչներին, ովքեր ուխտավորաբար գտնվում էին Հայրենիքում:
Նորին Սրբությունը կարեւոր նկատեց նմանատիպ այցերը Հայաստան` նշելով, որ դրանք գալիս են զորացնելու նրանց ազգային-հայրենասիրական ոգին:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց համայնքային կյանքից ներս իրենց բերած ծառայությունների համար, անդրադարձավ սփյուռքում հայեցի դաստիարակության անհրաժեշտությանը, հույս հայտնելով, որ երիտասարդ սերունդը, չնայած բազում մարտահրավերների, հասակ կառնի ազգային շնչով` լինելով նաեւ արժանի քաղաքացիները Բուլղարիայի:
* * *
Նույն օրը Վեհափառ Հայրապետն ընդունեց նաեւ Լեհաստանից Բիալիստոկի միտրոպոլիտ, արքեպիսկոպոս Էդվարդ Օզորովսկուն: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական եւ Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ սերտ համագործակցությանը: