Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Չեխիայի վարչապետին

Մայիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերին:

Բարիգալստյան մաղթանքից հետո Նորին Սրբությունը Չեխիայի վարչապետին ներկայացրեց Հայ Եկեղեցու անցած բազմադարյա ուղին եւ ներկայիս առաքելությունը: «Պատմական հանգամանքների բերումով մեր Եկեղեցին իր կառույցներն ունի աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Այնտեղ ուր առկա է հայկական ներկայություն, առկա է նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Չեխիայում եւս ձեւավորվում է հայ համայնք եւ վստահ ենք, որ առաջիկային Չեխիո մեր զավակները եւս հնարավորություն կունենան կառուցելու իրենց հավատքի եւ աղոթքի տունը` էլ ավելի եռանդով ու ջանադրությամբ իրենց մասնակցությունը բերելով Ձեր երկրի շինությանը եւ բարգավաճմանը»,-նշեց Վեհափառ Հայրապետը:

Երախտագիտություն հայտնելով ջերմ ընդունելության համար` վարչապետ Յան Ֆիշերը անդրադարձավ Հայաստան իր այցի մանրամասներին: Վարչապետը բարձր գնահատեց Չեխիայի հայ համայնքի դերը երկրի զարգացման գործում: Յան Ֆիշերն առանձնակի կարեւորեց քրիստոնեական արժեքների ու սկզբունքների առկայությունը Եվրոպայում: