Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուլյանովսկի նահանգապետին
Սեպտեմբերի 16-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի եւ Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի:
Հանդիպմանը Նորին Սրբությանը ներկայացվեցին Ուլյանովսկի նահանգապետի այցի արդյունքները, ՀՀ Շիրակի մարզի եւ ՌԴ Ուլյանովսկի նահանգի միջեւ ձեւավորվող համագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Ուլյանովսկի նահանգի հայ համայնքի հոգեւոր-մշակութային կյանքին, տեղեկացվեց, որ առաջիկային Ուլյանովսկում կսկսվեն հայկական եկեղեցու կառուցման աշխատանքները:
Զրույցի ընթացքում խոսվեց երկու ժողովուրդների եւ Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական ջերմ հարաբերությունների, ինչպես նաեւ ժողովրդի կյանքում հոգեւոր-բարոյական արժեքների առավել ամրապնդման անհրաժեշտության մասին: