Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահին
Նոյեբերի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստին:
Նորին Սրբությունն ուրախություն հայտնեց Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահի այցի առիթով: Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պատմական առաքելությանը, խորհրդային շրջանում կրած փորձություններին, ապա ներկայացրեց ներկա գործունեությունը հայոց կյանքի տարբեր ոլորտներում:
Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ Հայաստանի ու Շվեյցարիայի հարաբերություններն առավել սերտանում ու զարգանում են: Անդրադառնալով Շվեյցարիայի բերած աջակցությանը Հայաստանին` Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ նշեց նաեւ, որ Հայ Առաքելական Եկեղեցին եւս սերտ համագործակցության մեջ է շվեյցարական մի շարք միջեկեղեցական եւ բարեսիրական կազմակերպությունների հետ: Նա կարեւոր նկատեց տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի միջնորդական ջանքերը եւ վերստին իր գնահատանքն արտահայտեց Շվեյցարիայի Համադաշնության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար:
Տիկին Քրիստին Էգերզեգի-Օբրիստը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ իր համար մեծ պատիվ է օրհնյալ այս վայրում գտնվելը: Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահն անդրադարձավ նաեւ հայ-շվեյցարական հարաբերություններին: