Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 25-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Շվեդիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Հանս Գունար Ադենին եւ ՀՀ-ում Շվեդիայի պատվո հյուպատոս Էդիտ Խաչատրյանին:
Նորին Սրբությունը ողջունելով Հայաստանում Շվեդիայի դեսպանի այցը Մայր Աթոռ` ուրախություն հայտնեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խորացման առիթով: Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Շվեդիայում հայ համայնքի ու նրա հոգեւոր կյանքի կազմակերպմանը, շնորհակալություն հայտնեց իշխանությունների կողմից նորակազմ համայնքին ցուցաբերվող աջակցության համար:
Նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ հույս հայտնեց, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները կնպաստեն հայ-շվեդական հարաբերությունների զարգացմանը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց դեսպանին հաջողություն իր առաքելության մեջ: