Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Խորհրդարանի պատգամավորներին

Ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի պատգամավորներ, Շվեդիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Անելի Էնոքսոնին եւ խմբի անդամ Ֆրեդերիկ Մալմին: Պատվիրակությանն ուղեկցում էին ԱԺ պատգամավոր Արամ Սաֆարյանը, Շվեդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը եւ շվեդահայ համայնքների համադրող կենտրոնի խոսնակ Վահագն Ավետյանը:

Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը, ի դեմս Անելի Էնոքսոնի եւ Ֆրեդերիկ Մալմի, երախտագիտություն հայտնեց Շվեդիայի Խորհրդարանին հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի ընդունման, ցուցաբերված արի եւ մարդասեր ոգու համար` վստահություն հայտնելով, որ մարդկային կյանքում այսօր էլ տեղ գտնող ոճիրներից ու ողբերգություններից աշխարհը կարող է զերծ մնալ միայն նման մարդասեր մարդկանց եւ երկրների շնորհիվ: ՙԱյս նվիրական օրերին մեծ մխիթարություն է մեր կողքին ունենալ հայոց բյուրավոր նահատակներին իրենց հարգանքը մատուցող աղոթակից օտարազգի բարեկամների՚, - իր խոսքում նշեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը` բերելով իր աղոթքն ու բարեմաղթանքները, որ Տերը պահի ու պահպանի Շվեդիան ու նրա ժողովրդին սիրո, առաջընթացի եւ բարօրության մեջ: Վեհափառ Հայրապետը կարեւորեց նաեւ երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական սերտ հարաբերությունները եւ փոխադարձ այցելությունները, որոնք առավել մեկտեղելու են ջանքերը հանուն խաղաղ, արդար աշխարհի կայացման:

Շվեդ պատգամավորները խորին շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար` կիսելով իրենց ջերմ զգացողությունները Հայաստանում եւ մասնավորապես Մայր Աթոռում գտնվելու համար: