Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շոտոկան կառատեի ֆեդերացիայի ազգային հավաքականին

Սեպտեմբերի 19-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Շոտոկան կառատեի ֆեդերացիայի ազգային հավաքականին` առաջնորդությամբ ֆեդերացիայի պատվո նախագահ, Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ Ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանի:

Ներկայացնելով հավաքականը Հայոց Հայրապետին` Պարգեւ Սրբազանը տեղեկացրեց, որ Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ է վերադարձել Արգենտինայից` չորրորդ անգամ անընդմեջ շահելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս հաղթանակի արդյունքում 2009թ. աշխարհի գավաթի մրցումներն անցկացվելու են Հայաստանում: Հավաքականի ձեռքբերումներին եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ հանդիպման կարեւորությանն անդրադարձավ նաեւ պրն. Միքայելյանը: Նա ներկայացրեց նաեւ, թե ինչպիսի բացառիկ ընդունելության են արժանացրել ազգային հավաքականին Արգենտինայի հայ համայնքն ու հայոց թեմը:

Վերջում հաղթանակի առիթով Հայրապետական իր շնորհավորանքներն ու օրհնությունը մարզիկներին բերեց Նորին Սրբությունը: «Հաղթանակները մեր ազգային կյանքում երբեք պատահական չեն: Դա արիության ոգին, հաղթական կամքն է, որ մեր ժողովուրդը դրսեւորել է իր պատմության ընթացքին: Այդ հաղթական ոգին այսօր վերակենդանացել է Ձեր մեջ եւ առաջնորդել նման բացառիկ հաղթանակի»,- ասաց Վեհափառ Հայրապետը` մաղթելով երիտասարդներին նորանոր հաջողություններ իրենց մարզարվեստում:

Նորին Սրբությունը նաեւ իր գնահատանքը հայտնեց Պարգեւ Սրբազանին խմբի նկատմամբ մշտապես ցուցաբերվող իր հովանավորության եւ ուշադրության համար: