Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի նորանշանակ դեսպանին
Մայիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Կնուտ Հոուգին (նստավայրը` Մոսկվա):
Նորին Սրբությունը շնորհավորեց դեսպանին նոր նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ սա նոր խթան կդառնա հայ-նորվեգական հարաբերությունների առավել սերտացման եւ զարգացման համար: Վեհափառ Հայրապետը ի դեմս դեսպանի շնորհակալություն հայտնեց Նորվեգիայի ժողովրդին մեր պատմության դժվարին ժամանակներում հայ ժողովրդին եւ Հայաստանին ցուցաբերված աջակցության եւ օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայիս գործունեությանը, իր առջեւ ծառացած մարտահրավերներին եւ միջեկեղեցական հարաբերություններին: