Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Յարոսլավլի նահանգապետին
Մայիսի 27-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Յարոսլավլի նահանգապետ Սերգեյ Վախռուկովին` ուղեկցությամբ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու մարզերի միջեւ ձեւավորվող համագործակցության առիթով եւ մաղթեց, որ այն շարունակի բարի պտուղներ պարգեւել մեր երկու եղբայրական ժողովուրդներին: Ամենայն Հայոց Հայրապետը ի դեմս նահանգապետի շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Հայ Առաքելական եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցիների եւ երկու հովվապետերի միջեւ առկա սերտ ու ջերմ հարաբերություններին, ինչպես նաեւ Յարոսլավլի մարզի հոգեւոր-եկեղեցական կյանքին: