Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մրգաշատի համայնքի անդամներին
Փետրվարի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արմավիրի թեմի Մրգաշատ գյուղի համայնքի անդամներին` ուղեկցությամբ համայնքի հոգևոր հովիվ Տ.Կորյուն աբեղա Առաքելյանի:
Հանդիպման սկզբում Հայր Կորյունը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց համայնքում կատարվող աշխատանքները և արձանագրված արդյունքները, մասնավոր անդրադարձ կատարեց նորաստեղծ ծխական խորհրդի և երիտասարդական միության գործունեությանը, տիկնանց միության կազմակերպման ուղղությամբ ձեռնարկված քայլերին:
Այնուհետև Մրգաշատի համայնքի անդամներին ողջունեց և հայրապետական իր օրհնությունը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ, համախմբված հոգևոր հովվի շուրջ, նրանք լավագույնս կկազմակերպեն իրենց հոգևոր կյանքը` նպաստելով նաև համայնքում տեղ գտնող խնդիրների հաղթահարմանը:
Վեհափառ Հայրապետը հորդորեց Մրգաշատի համայնքի ներկայացուցիչներին հավատարիմ մնալ Հայ Եկեղեցուն և նրա սրբազան ժառանգությանը, այն սուրբ հավատքին, որ 1700 տարիներ շարունակ պաշտպանվել և փոխանցվել է ապագա սերունդներին իբրև հայ ինքնության գրավական: Նորին Սրբությունը պատգամեց երիտասարդներին ամուր մնալ հավատքի և հայրենասիրության մեջ, իրենց ջանքերով նպաստել երկրի շինությանն ու պայծառությանը և Եկեղեցու զորացմանը:
Ամենայն Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայր Կորյունին կատարված աշխատանքների համար` հորդորելով շարունակել ծառայասիրության նույն ոգով օգտակարություն բերել համայնքին: