Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական մանակավարժական համալսարանի ռեկտորին
Մայիսի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Ալեքսեյ Սեմյոնովի գլխավորած պատվիարկությանը` ուղեկցությամբ Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր պրոֆ. Ռուբեն Միրզախանյանի:
Հանդիպմանը տիար Ռուբեն Միրզախանյանը, հայցելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը, Նորին Սրբությանը ներկայացրեց երկու կրթական հաստատությունների միջև ձևավորվող համագործակցությունը և կրթական գործընթացներին ի նպաստ իրականացվելիք համատեղ ծրագրերն ու միջոցառումները:
Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսն օգտաշատ նախաձեռնության առիթով իր հայրապետական գնահատանքը փոխանցեց հյուրերին և մեծապես կարևորեց կրթական հաստատությունների միջև հարաբերությունների սերտացումն ու առավել արդյունավորումը` ընդգծելով, որ դրանք պետք է համահունչ լինեն երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:
Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց միջպետական մակարդակի վրա կրթական ոլորտում ձևավորվող գործակցության համար, ապա անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատմական դերակատարությանը կրթության կազմակերպման գործում և կրթադաստիարակչական ոլորտում ծավալվող ներկայիս գործունեությանը: Վեհափառ Հայրապետը գնահատանքով նշեց, որ այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածինը սերտորեն համագործակցում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ, իրականացվում են համատեղ ձեռնարկներ: Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի հովանու ներքո գործող երկու հանրակրթական դպրոցների ու Հայորդյաց տների գործունեության, ինչպես նաև տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների, որոնց թվում և Երևանի պետական մանկավարժական համալսարանի հետ առկա գործակցության մասին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին և համագործակցությանը, որի շրջանակներում կատարվում է ուսանողների փոխանակում հոգևոր կրթական հաստատությունների միջև:
Իր հերթին Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ռեկտորը կարևոր նկատեց իր այցը բարեկամ Հայաստան Հանրապետություն և խոսեց ուսանողների հետ տարվող համակողմանի կրթադաստիարակչական աշխատանքի, մասնավորապես, սոցիալական ծառայության ոլորտում ուսանողների ակտիվ ներգրավման մասին:
Տիար Ալեքսեյ Սեմյոնովը տեղեկացրեց համալսարանի և Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև ձևավորված ամուր կապերի մասին` ընդգծելով կրթության ոլորտում գիտելիքներին զուգահեռ հոգևոր արժեքների փոխանցման առաջնահերթության մասին:
Զրույցի ընթացքում ռեկտորը նաև իր ցավն արտահայտեց այս օրերին Լեռնային Ղարաբաղի սահմանագծին տիրող իրավիճակի առիթով:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: