Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին 18.09.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորին

     Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՌԴ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր, ակադեմիկոս Վիկտոր Սադովնիչիին` ուղեկցությամբ Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի:
     Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը ողջունեց տիար Վ. Սադովնիչիի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` գոհունակություն հայտնելով Մոսկվայի պետական համալսարանի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի առնչությամբ: Նորին Սրբությունը Երևանում նշանավոր համալսարանի մասնաճյուղի բացման առիթով շնորհավորեց ՄՊՀ ռեկտորին` վստահություն հայտնելով, որ այն իր հերթին պիտի նպաստի երկու ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդմանը:
     Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ նաև հավատակից երկու ժողովուրդների բազմադարյա եղբայրական հարաբերություններին և ներկայիս` պետությունների միջև առկա դաշնակցային գործակցությանը` մաղթելով, որ ի պայծառություն երկու երկրների այն առավել զորանա և պտղաբերի:
     Տիար Վիկտոր Սադովնիչին իր հերթին խորին շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին` վերհիշելով տասնամյակներ առաջ իր այցը Մայր Աթոռ և հանդիպումը երջանկահիշատակ Վազգեն Առաջին Հայրապետի հետ: Անդրադառնալով համալսարանի մասնաճյուղի բացմանը` ՄՊՀ ռեկտորը մասնավորապես նշեց. «Համալսարանի հաստատումը, ինչպես և եկեղեցունը, հավերժ է: Այս օրը կարձանագրվի մեր երկրների հարաբերությունների պատմության մեջ»:
     Նորին Սրբությունը և Վ. Սադովնիչին խոսեցին նաև համալսարանական երիտասարդության կյանքում Եկեղեցու դերի և հոգևոր կյանքի կարևոր նշանակության, հասարակության առջև ծառացած մարտահրավերների մասին: Այս կապակցությամբ ՄՊՀ ռեկտորը Վեհափառ Հայրապետին տեղեկացրեց համալսարանին կից գործող Ս. Տատյանայի եկեղեցու, ինչպես նաև համալսարանի ու Ռուս Ուղղափառ Եկեղեցու միջև առկա սերտ համագործակցության մասին:
     Զրույցի ընթացքում կարևորվեց հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդման անհրաժեշտությունը, ընդգծվեց, որ ճշմարիտ աստվածսիրությամբ է պայմանավորված նաև հայրենասիրությունը և մարդկային կյանքի բարօրությունը: Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ և եղբայրական հարաբերություններին:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: