Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռի պաշտոնեությանը
Հունվարի 8-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռում գտնվող բաժինների պաշտոնեությանը:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորեց ներկաներին Ամանորի և Ս. Ծննդյան բերկրաշատ տոների առիթով և իր Հայրապետական օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրանց:
Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց Մայր Աթոռի աշխատակիցներին նվիրյալ աշխատանքի համար` կարևորելով յուրաքանչյուրի ծառայությունը Եկեղեցու առաքելության բարեհաջող իրականացման գործում: Ապա Վեհափառ Հայրապետը հորդորեց նույն ոգով և նախանձախնդրությամբ շարունակել ջանադիր ծառայությունը` ի պայծառություն Հայ Առաքելական Ս. Եկեղեցու և ի բարօրություն հայ ժողովրդի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձավ նաև նոր տարվա անելիքներին ու ծրագրերին: