Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային: Հանդիպմանը Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց երկու երկրների միջեւ համագործակցության առավել սերտացման նպատակով ձեռնարկվող քայլերի համար` վստահություն հայտնելով, որ այդ գործակցությունից փոխադարձ դրական արդյունքներ կարձանագրվեն: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Ճապոնիայի ժողովրդին` Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ անցյալ տարի ողջ աշխարհը ցնցած ողբերգությանը` Ճապոնիայի երկրաշարժին եւ դրա սոսկալի հետեւանքներին: Այս առնչությամբ Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին` դժվարին այդ օրերին հայ ժողովրդի եւ Հայոց Եկեղեցու սրտակցության, ինչպես նաեւ ի հիշատակ զոհվածների կազմակերպված աղոթքի արարողության համար: Նորին Սրբությունը մաղթեց, որ Ճապոնիան շուտափույթ հաղթահարի աղետի հետեւանքները եւ ինչպես Ճապոնիայի ժողովուրդը, այնպես էլ ամբողջ աշխարհը զերծ մնան նման ողբերգություններից: