Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի նորանշանակ դեսպանին
Հոկտեմբերի 21-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկ. Պանայոտա Մավրոմիխալիին:
Հանդիպման ընթացքում խոսվեց երկու պետությունների միջեւ զարգացող արդյունավետ համագործակցության, երկու ժողովուրդների դարավոր բարեկամության եւ Հայաստանյայց Առաքելական ու Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա եղբայրական հարաբերությունների մասին: Իբրեւ ասվածի վկայություն Վեհափառ Հայրապետը նշեց, որ Մայր Աթոռի չորս երիտասարդ միաբաններ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակում Աթենքի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում:
Հանդիպման ավարտին Նորին Սրբությունն իր շնորհավորանքները բերեց նորանշանակ դեսպանին` հաջողություններ ցանկանալով պաշտոնավարման ընթացքում: