Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի նախագահին
Հունիսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասին տիկնոջ` Մեյ Պապուլիայի հետ` ուղեկցությամբ ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի:
Ուրախություն հայտնելով հայոց սրբություն սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Հունաստանի նախագահի այցի առիթով` Նորին Սրբությունը ներկայացրեց Հայոց Եկեղեցու հոգեւոր կենտրոնի կարեւոր առաքելությունը հայ ժողովրդի կյանքում:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց, որ այսօր հայրենի պետությունը զորացնում է մտերմական կապերը Հունաստանի բարեկամական Հանրապետության հետ` նշելով, որ հայ ժողովուրդը դարեր ի վեր հարուստ առնչակցություն եւ բարեկամական սերտ հարաբերությաններ ունի հույն ժողովրդի հետ: Նորին Սրբությունն անդրադարձավ նաեւ Հայ Առաքելական եւ Հույն Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին` վերհիշելով իր հանդիպումները Տիեզերական Պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի եւ Աթենքի ու Հունաստանի Արքեպիսկոպոս Քրիստոդուլոսի հետ, ինչպես նաեւ Տիեզերական Պատրիարքի այցը Հայաստան 2001թ.-ին:
Ամենայն Հայոց Հայրապետը հանուն հայ ժողովրդի շնորհակալություն հայտնեց նախագահ Կարոլոս Պապուլիասին Հունաստանի` կյանքի տարբեր ոլորտներում Հայաստանին մշտապես ցուցաբերվող աջակցության, ինչպես նաեւ Հունաստանում բնակվող հայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի եւ ուշադրության համար: Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրեց նաեւ, որ Հունաստանի իշխանությունների շնորհիվ ամեն տարի Մայր Աթոռի միաբաններին տրամադրվում է երկու կրթաթոշակ` շարունակելու հոգեւոր ուսումնառությունը Հունաստանի կրթական բարձրագույն հաստատություններում:
Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: «Թե° Հայ եւ թե° Հույն Եկեղեցիները պատմության ընթացքին պայքարեցին բարձր իդեալների համար` ի խնդիր հավատի: Ի°նչ պիտի լիներ մեր ժողովուրդների ապագան առանց մեր Եկեղեցիների...»,- նշեց նախագահը` անդրադառնալով Եկեղեցիների կարեւոր դերակատարությանը երկու ժողովուրդների կյանքում: Պարոն Պապուլիասը, խոսելով Հայաստան կատարած իր այցի մասին, ընդգծեց, որ ընդհանուր է երկու ժողովուրդների ապագան եւ ճակատագիրը` ձեռք ձեռքի, թիկունք թիկունքի պիտի ընթանան դեպի ապագան:
Հանդիպմանը անդրադարձ եղավ պատմության ընթացքին հայ եւ հույն ժողովուրդներին բաժին ընկած փորձություններին: «Մենք կրել ենք մեծ կորուստներ անցնող դարում: Մեր արդար իրավունքների պաշտպանությունը պարտավորեցնում է մեր ժողովուրդներին եւ պետություններին, որպեսզի ըստ ամենայնի զորակից եւ աջակից լինեն միմյանց: ...Մենք հավատի ժողովուրդ ենք, իսկ հավատը միշտ հաղթանակներ է արձանագրում»,-ասաց Նորին Սրբությունը:
Վերջում Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ հավատի վրա խարսխված ջերմ, եղբայրական, բարեկամական հարաբերությունները հավերժական լինեն եւ առաջնորդեն երկու ժողովուրդներին իրենց բարի եւ արդար երազների իրագործմանը:
Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Վարչակազմակերպական գործերի կառավարիչ Տ. Փառեն եպիսկոպոս Ավետիքյանը եւ Մայր Աթոռի միաբաններ: