Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի խորհրդարանի փոխնախագահ Յորղոս Սուռլասին
Հոկտեմբերի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հունաստանի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Յորղոս Սուռլասին` Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան տիկ. Պանայոտա Մավրոմիխալիի ուղեկցությամբ:
Նորին Սրբությունը ողջունելով հյուրերի այցը հայոց հոգեւոր կենտրոն, ուրախությամբ նշեց, որ ծանր եւ դժվարին ժամանակներից հետո անկախ Հայաստանում Հայ Եկեղեցին ազատորեն կարողանում է իրականացնել իր առաքելությունը` զարգացնելով նաեւ միջեկեղեցական հարաբերությունները քույր եկեղեցիների հետ: Այս առնչությամբ, Նորին Սրբությունը մասնավորապես մատնանշեց Հայ եկեղեցու ջերմ հարաբերությունները ինչպես Կ.Պոլսի Տիեզերական պատրիարքության, այնպես եւ Հունաստանի ուղղափառ եկեղեցու հետ:
Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց նաեւ երկու երկրների միջեւ փոխհարաբերությունների զարգացման առնչությամբ:
Հանդիպման ընթացքում խոսվեց ժողովուրդների մերձեցման, խաղաղության պահպանման եւ փոխըմբռնման ձեւավորման գործում եկեղեցիների կարեւոր առաքելության մասին: