Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի սաներին
Ապրիլի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հովնանյան դպրոցի (Նյու Ջերսի, ԱՄՆ) սաներին` Մայր Աթոռի բարերար տիար Հրաչ Թուֆայանի ուղեկցությամբ:
Ողջունելով սաների այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը բերեց Հովնանյան դպրոցի տնօրենությանն ու մանկավարժներին` աշակերտներին Հայրենիք այցելելու հնարավորություն ընձեռելու համար, հաղորդակցվելու սրբություններին և ազգային արժեքներին: Վեհափառ Հայրապետը նշեց, որ նման այցերը կարևոր խթան են հանդիսանում ավելի զորացնելու Հայրենիքի նկատմամբ նվիրվածությունը, իսկ հայրենի հողը տեսնելու խանդավառությունը նպաստում է լավագույնս զգալու և գիտակցելու հայրենի երկրի սրբությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց երիտասարդ հայորդիներին այդ ոգով և գիտակցությամբ ապրել ողջ կյանքի ընթացքում, բարի և արժանավոր զավակներ մեծանալ և ուժ դառնալ Հայրենիքի համար: