Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պատվիրակությանը
Սեպտեմբերի 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մյուռոնօրհնեքի առիթով Մայր Աթոռ ժամանած Հնդիկ Մալանկարա քույր Եկեղեցու պատվիրակությանը` գլխավորությամբ Նորին Սրբազնություն Դոկ© Թոմաս Աթանասիուս միտրոպոլիտի եւ ուղեկցությամբ հնդկահայոց հոգեւոր հովիվ Տ. Օշական վարդապետ Գյուլգյուլյանի:
Վեհափառ Հայրապետը շնորհակալություն հայտնեց Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը նրանց բերած կարեւոր մասնակցության համար` նշելով, որ Մյուռոնօրհնեքը կարեւոր առիթ է քրիստոնյաների համախմբման` ի նշան քրիստոնեական սիրո եւ եղբայրության:
Նորին Սրբությունն իր եղբայրական բարեմաղթանքները փոխանցեց Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Հովվապետին եւ անդրադարձավ առաջիկա նոյեմբերին Կալկաթայի Ս. Նազարեթ հայկական եկեղեցու 300-ամյակի առիթով Հնդկաստան կատարելիք Հայրապետական իր այցին, որի շրջանակներում նախատեսվում է նաեւ այցելություն Քերալա` Հնդիկ Մալանկարա Եկեղեցու հոգեւոր կենտրոն:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը եւ գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը: