Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին

Ապրիլի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին` ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկ. Հայքի Փայչի ուղեկցությամբ:
Ողջունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչին Մայր Աթոռում` Նորին Սրբությունն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց նրան նոր հանձնառության առիթով` մաղթելով, որ իր առաքելությունը պսակվի լիակատար հաջողություններով: «Մենք լիահույս ենք, որ Ձեր աշխատանքի շնորհիվ պիտի կարողանանք խաղաղությունը կայուն դարձնել այս տարածաշրջանում եւ այս տարածաշրջանի ժողովուրդների միջեւ համագործակցությունը զորացնել եւ ամրագրել»,- ասաց Հայոց Հայրապետը: Վեհափառ Հայրապետը նաեւ անդրադարձավ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործում Եկեղեցու առաքելությանը` նշելով, որ Եկեղեցին փորձում է կարելին ի գործ դնել կրոնական եւ հոգեւոր առաջնորդների հետ նպաստելու խաղաղության եւ համագործակցության այդ փոխհարաբերություններին:
Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար` պրն. Փիթեր Սեմնեբին վերհիշեց իր առաջին այցը Հայաստան 1987թ.-ի, ապա սոսկալի երկրաշարժի օրերին: Իր խոսքում նա անդրադարձավ նաեւ իր ստանձնած պարտականություններին` նշելով, որ կոչված է նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հանդիպման ընթացքին խոսվեց տարածաշրջանի այլ խնդիրների մասին, անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Վրաց Ուղղափառ Եկեղեցիների միջեւ առկա փոխհարաբերություններին, Վիրահայոց թեմի խնդիրներին:
Հանդիպմանը ներկա էր Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: