Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց  Հայ օգնության ֆոնդի անդամներին  24.09.2012
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին

 

Սեպտեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ օգնության ֆոնդի անդամներին` ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի:

Հանդիպման սկզբում Խաժակ Սրբազանը, շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Հայրապետին ընդունելության համար, Նորին Սրբությանը ներկայացրեց ՀՕՖ-ի կողմից առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Սրբազան Հայրը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ի ժողովում կազմակերպության ներկայացուցիչները որոշում են կայացրել` շարունակել ակտիվ կերպով ծրագրեր իրականացնել Հայրենիքում` այսուհետև մասնավոր ուշադրություն դարձնելով դաստիարակչական ծրագրերին, կարիքավորների օժանդակության հարցերին եւ երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ձեռնարկներին:

Ողջունելով ՀՕՖ-ի անդամների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու գնահատանքը բերեց նրանց այն օգտաշատ աշխատանքների համար, որ կազմակերպության ներկայացուցիչների համատեղ ջանքերով իրականացվում են Հայրենիքում: Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաեւ, որ իր նախաձեռնություններով ու աշխատանքների ընդգրկուն ծավալով ՀՕՖ-ն առաջին կազմակերպություններից էր, որ Հայրենիքի անկախության շրջանից սկսած մեծ ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման ու շենացման գործում:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորեց Հայ Եկեղեցու հովանու ներքո գործող ֆոնդի անդամներին` շարունակել իրենց աշխատանքներով կարեւոր օժանդակություն բերել Հայրենի երկրին եւ նպաստել Հայոց Եկեղեցու զորացմանն ու առաջընթացին: Վեհափառ Հայրապետը նեւ իր գնահատանքը հայտնեց ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի թեմական խորհրդին եւ առաջնորդ Սրբազան Հորը` թեմական կյանքն արդյունավետ կազմակերպելու եւ նոր ձեռքբերումներ արձանագրելու համար: