Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովին
Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի §Վաչե և Թամար Մանուկյան¦ Մատենադարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ռուսաստանի Դաշնության խորհրդի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի: Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից տիար Նիկոլայ Ռիժկովին շնորհվեց Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան՝ ի գնահատություն հայ ժողովրդին մատուցած արդյունաշատ ծառայությունների, հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ վաստակի:
Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:
Մինչ շքանշանի հանձնումը երախտավորի կյանքին անդրադարձավ տիկին Հերմինե Նաղդալյանը՝ ներկայացնելով նրա անցած կյանքի պատկառելի ընթացքն ու գործունեությունը, մասնավորապես ընդգծելով այն նվիրումը, որ տիար Նիկոլայ Ռիժկովը տասնամյակներ շարունակ դրսևորել է Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ:
Այնուհետև «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեց «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանը, որով Նորին Սրբությունը զարդարեց տիար Նիկոլայ Ռիժկովի կուրծքը` ի նշան հարգանքի և սիրո զգացումների, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ տածում է մեծանուն գործչի հանդեպ:
Իր օրհնության խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով Ն. Ռիժկովի այցը համայն հայության հոգևոր կենտրոն, շնորհավորեց նրան շուրջ մեկ ամիս առաջ Ռուսաստանի Դաշնությունում մեծ շուքով տոնախմբված նրա ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով կենաց արևշատություն և նորանոր բարի իրագործումներ իր նվիրյալ գործունեության ընթացքում: Անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Նիկոլայ Ռիժկովի ունեցած կարևոր ներդրմանը և Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես դրսևորվող նրա ջերմ վերաբերմունքին՝ Նորին Սրբությունը նաև գնահատանքով խոսեց այն օգտաշատ ծառայության մասին, որ տիար Ն. Ռիժկովը հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում շարունակում է բերել՝ երկու երկրների գործակցության առավել արդյունավորման և երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման համար:
Պարգևաբաշխության ավարտին իր սրտի խոսքն ասաց շնորհընկալը` բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Հայոց Հայրապետին և հավաստիացնելով, որ Հայ Եկեղեցու այս նվիրական պարգևը, որ հպարտությամբ է կրելու իր կրծքին, ավելի է պարտավորեցնում իրեն մեծ նախանձախնդրությամբ շարունակելու իր հետագա առաքելությունը: