Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային միության անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայ կանանց միջազգային միության անդամներին 07.04.2011

Ապրիլի 6-ին, Ս. Աստվածածնի տոնի նախօրեին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորած Հայ կանանց միջազգային միության անդամներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ՀՀ Սփյուռքի նախարարը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց միության նպատակը եւ գործունեությունըª ի զորացումն ազգային արժեքների, դրանում մեծապես կարեւորելով եկեղեցի-պետություն, եկեղեցի-հասարակություն, եկեղեցի-ընտանիք հարաբերությունների ամրապնդումը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց միության անդամներին եւ շնորհավորեց նրանց առաջիկա տոնի առիթով` մաղթելով, որ հայ կինն իր լուսավոր կերպարով ու հոգու ջերմությամբ ամենուրեք գեղեցկացնի հայ կյանքը: ՙՓառապանծ կերպար է կերտել հայ կինը պատմության մեջ իր արիությամբ, նվիրումով եւ հավատարմությամբ ազգային-հոգեւոր արժեքներին: Ուրախ ենք, որ այսօր եւս նույն դերակատարությունը փառքով ու պատվով տանում է հայ կինը թե° Հայրենիքում եւ թե° Սփյուռքում՚, - նշեց Նորին Սրբությունը:

Անդրադառնալով Ավետման եւ Մայրության տոների խորհրդին` Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ դրանք արտահայտությունն են այն ջերմ զգացումների եւ գիտակցության, որ հայ մարդն ունի հանդեպ հայ կինը, նրա կարեւոր առաքելությանը ազգային կյանքում:

Նորին Սրբությունը խոսեց նաեւ եկեղեցի-ընտանիք կարեւոր կապի մասին` նշելով, որ Եկեղեցու, հոգեւոր արժեքների հանդեպ ընտանիքի կնոջ եւ մոր կեցվածքով է մեծապես պայմանավորվում հասարակության մեջ բարեփոխումները դեպի բարին, աստվածօրհնյալ եւ աստվածահաճո կյանքը:

Միության անդամներն իրենց հերթին կարեւորեցին Եկեղեցու կարեւոր դերակատարությունը հայ ընտանիքի ամրության գործում, պատրաստակամություն հայտնեցին զորակցել Մայր Աթոռ Ս. Էջմիածնին տարբեր ծրագրերում:

Հանդիպման վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատասխանեց միության անդամների հարցերին` լուսաբանություններ տվեց հասարկությանը հուզող տարբեր խնդիրների առնչությամբ: