Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին
Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությանը` գլխավորությամբ հանձնաժողովի համանախագահ ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի:
«Հաճելի է տեսնել, որ հարաբերությունները երկու երկների միջեւ շարունակում են զարգանալ եւ աշխատանք է տարվում դարերով ձեւավորված այդ բարի ավանդույթները պահպանելու ու զորացնելու համար»,- ասաց Նորին Սրբությունը` ողջունելով հյուրերի այցը Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` տիար Ռիժկովը Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքները եւ կարեւորեց Ռուսաստան-Հայաստան համագործակցության, հարաբերությունների հետագա սերտացումն ու ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում Վեհափառ Հայրապետը մտահոգություն հայտնեց նաեւ Ռուսաստանում հայերի նկատմամբ տեղ գտած որոշ երեւույթների առնչությամբ: «Մենք վստահ ենք, որ դուք, ճանաչելով մեր ժողովրդին, նրա ոգին, հաղորդ լինելով դեպի Ռուսաստանը եւ ռուս ժողովուրդը մեր ժողովրդի բարի զգացումներին, պիտի գործադրեք ձեր ջանքերը, որպեսզի այս մտահոգությունները վերանան մեր ժողովրդի հոգուց», - նշեց Հայոց Հայրապետը` գնահատելով նաեւ տիար Ռիժկովի ջանքերն այս հարցում:
Մասնավորաբար անդրադառնալով հայերի նկատմամբ Ռուսաստանում վերջին շրջանին դրսեւորվող երեւույթներին` նա նշեց. «Մենք արմենոֆոբիա չունենք եւ չենք էլ կարող ունենալ. հայ համայնքը շատ ամուր է ինտեգրված մեր կյանքին: Հայկական սփյուռքը տարածված է երկրով մեկ, եւ մենք միասին, կողք կողքի ենք ապրում»: Ն. Ռիժկովը վստահեցրեց, որ ամենը պիտի անեն, որ երբեք այդ երեւույթները չկրկնվեն:
Հանդիպմանն անդրադարձ եղավ նաեւ Հայաստանյայց Առաքելական եւ Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջեւ առկա ջերմ հարաբերություններին եւ գործակցությանը:
Վերջում Նորին Սրբությունը մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ սերը, հարգանքը եւ եղբայրությունն առավել ամրապնդվեն երկու դարավոր բարեկամ ժողովուրդների միջեւ: