Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին
Մայիսի 14-ին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստան-Իրան բարեկամության պատգամավորական խմբի ներկայացուցիչներին:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց պատգամավորական խմբի հերթական այցի մանրամասներին, քննարկումներին եւ արձանագրված արդյունքներին: Կարեւորվեց ձեւավորված համագործակցությունը, որի բարի պտուղները պիտի ծառայեն երկու ժողովուրդների առավել բարեկեցիկ եւ առաջընթաց կյանքին:
Վեհափառ Հայրապետն ի դեմս պատգամավորների եւ դեսպանի իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության իշխանություններին Իրանում բնակվող հայորդիների հանդեպ հոգատար վերաբերմունքի եւ հայ հոգեւոր, ազգային մշակույթի եւ դրա պահպանման հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար:
Նորին Սրբությունը գոհունակությամբ նշեց նաեւ Մայր Աթոռի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանատան միջեւ ձեւավորված ջերմ կապերի մասին: