Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
Ապրիլի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Տոդոր Ստայկովին:
Ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ` Վեհափառ Հայրապետն իր բարեմաղթանքները բերեց նորանշանակ դեսպանին: Նորին Սրբությունը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ հարաբերությունների սերտացման եւ երկու ժողովուրդների միջեւ բարեկամության առավել ամրապնդման առիթով:
Ի դեմս դեսպանի Հայոց Հայրապետը նաեւ իր գնահատանքը հայտնեց Բուլղարիայի իշխանություններին եւ ժողովրդին` բուլղարահայ համայնքի նկատմամբ դրսեւորվող ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպմանը խոսվեց նաեւ Հայ Առաքելական եւ Բուլղար Ուղղափառ եկեղեցիների փոխհարաբերությունների մասին: