Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին
Հուլիսի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «21-րդ դարի մարտահրավերները եւ հայ երիտասարդությունը» համահայկական երիտասարդական միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին:
Տիար Վլադիմիր Աղայանը, շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանն ընդունելության համար, Վեհափառ Հայրապետին ներկայացրեց խորհրդաժողովի աշխատանքները եւ քննարկված հիմնախնդիրները:
Ապա երիտասարդներին Հայրապետական օրհնության եւ գնահատանքի իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Ողջունելով խորհրդաժողովի մասնակիցների այցն ամենայն հայոց հոգեւոր կենտրոն` Նորին Սրբությունը կարեւոր նկատեց երիտասարդության ներգրավվածությունը հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների լուծման գործում:
Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ Հովվապետական այցերի ժամանակ աշխարհի տարբեր երկրներում տեսել է նախանձախնդիր հայ երիտասարդություն` հետամուտ ազգային խնդիրների լուծմանը: «Ազգային ոգու վերարթնությունը երաշխիքն է ազգային ինքնության պահպանության»,- ասաց Գարեգին Բ Կաթողիկոսը` առկա հիմնախնդիրների հաղթահարման ճանապարհ նկատելով հոգեւոր միասնականությունը, ազգի միաբանությունը եւ համընդհանուր ջանքերի մեկտեղումը:
Նորին Սրբությունը հորդորեց երիտասարդներին իրենց գիտելիքներով եւ կարողություններով օգտակարություն բերել ի բարօրություն հայ ժողովրդի` մշտապես հայացքներն ուղղյալ պահելով դեպի Հայրենիք, Արարատ եւ Սուրբ Էջմիածին: