Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանին 07.03.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Սլովակիայի նորանշանակ դեսպանին

      Մարտի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Սլովակիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Պրիպուտենին (նստավայրը` Մոսկվա):
     Շնորհավորելով դեսպանին` Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ վերջինիս գործունեության շնորհիվ երկու երկրների հարաբերությունները և գործակցությունն ավելիով կզարգանան և կարգասավորվեն: Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ փաստեց նաև երկու ժողովուրդների բարեկամական ամուր կապերը` խարսխված ընդհանուր քրիստոնեական արժեքների վրա` նշելով, որ դրանց զորացման մեջ մեծ դերակատարություն ունի Սլովակիայի հայկական համայնքը:
     Հանդիպմանն Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայ համայնքի հանդեպ ցուցաբերվող մշտական հոգածության համար իր շնորհակալությունը հայտնեց երկրի իշխանություններին: Նորին Սրբությունը գնահատանքով ընդգծեց նաև այն զորակցությունը, որ Կաթոլիկ Եկեղեցու կողմից բերվում է Հայոց Եկեղեցուն Սլովակիայում հայորդիների հոգևոր կյանքի կազմակերպման գործում:
     Այնուհետև Սլովակիայի նորանշանակ դեսպանը նույնպես ուրախություն հայտնեց հանդիպման կապակցությամբ` վստահեցնելով, որ իր դիվանագիտական գործունեության շրջանակներում պիտի նպաստի տարբեր ոլորտներում հայ-սլովակյան կապերի ամրապնդմանը:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ՀՀ-ում Սլովակիայի դեսպանն անդրադարձան նաև երկու երկրների առջև ծառացած մարտահրավերներին ու խնդիրներին, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
     Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: