Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն  ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին  09.12.2013
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

     Դեկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սորին Վասիլեին:
     Իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ անդրադարձավ երկու երկրների ու ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին և վստահությամբ նշեց, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի դրանց առավել արդյունավորմանը:   Այնուհետև իր խոսքում Նորին Սրբությունն ընդգծեց այդ կապերի զորացման գործում Ռումինիայի հայ համայնքի կարևոր դերակատարությունը: Հայոց Հայրապետը գնահատանքով արձանագրեց, որ հայ ժողովրդի զավակները, հաստատվելով Ռումինիայում դեռ վաղ միջնադարում, իրենց ծառայասեր աշխատանքով նշանակալի ներդրում են ունեցել երկրի կյանքում, որի վկայությունը Ռումինիան զարդարող հայ ժողովրդի մտքի և հոգու արգասիքներն ու կերտած արժեքներն են:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռումինիայի դեսպանն անդրադարձան նաև Հայ Առաքելական և Ռումին Ուղղափառ Եկեղեցիների ջերմ հարաբերություններին, կարևորեցին Եկեղեցիների դերակատարությունը ժողովուրդների կյանքում` որպես հասարակության բարոյական նկարագրի կերտող ու պետականության զորացման երաշխիք:
     Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետը մաղթեց, որ Աստված օրհնի երկու եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը և բարգավաճ կյանք պարգևի նրանց: