Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին
Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկուն:
Ողջունելով դեսպանի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին` Նորին Սրբությունն իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց նրան` սկսվող առաքելության արդյունավետ իրագործման համար: Ապա ուրախությամբ փաստեց երկու երկրների միջև առկա բարեկամական ամուր հարաբերությունները, որոնք պիտի նպաստեն լայն համագործակցության խթանմանը:
Իր խոսքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծ գոհունակությամբ ընդգծեց այն ջերմ վերաբերմունքը, որ տևականորեն արտահայտվում է Չեխիայի իշխանությունների կողմից հանդեպ Չեխիայի հայկական համայնքը, որի շնորհիվ վերջինս արդեն ձեռնամուխ է եղել նաև եկեղեցու կառուցման:
Նորին Սրբությունն անդրադարձավ նաև Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Չեխիայի Կաթոլիկ և Ուղղափառ Եկեղեցիների հետ կապերին, ինչպես նաև անկախության պայմաններում Եկեղեցիների կողմից հոգևոր առաքելությունն ազատորեն իրագործելու հնարավորություններին:
Հանդիպմանն իր հերթին դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու երկկողմ հարաբերությունների խորացմանը միտված բոլոր նախաձեռնություններին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Սիրիայում տիրող իրավիճակին: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մտահոգությունն արտահայտեց Քեսաբի խաղաղ բնակչության նկատմամբ Թուրքիայից աջակցություն ստացած ծայրահեղականների կողմից իրականացրած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ: