Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության դեսպանին
Դեկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Ողջունելով դեսպանին՝ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ երկու պետությունների բարեկամական հարաբերություններին ու գործակցությանը՝ ընդգծելով, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ ջերմ վերաբերմունք ունի Հնդկաստանի և հնդկական մշակույթի հանդեպ։
Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ հնդիկ ուսանողների ուսումնառությունը ՀՀ բուհերում և Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի գործունեությունը գեղեցիկ կամուրջ պիտի հանդիսանան, որպեսզի զորանա փոխճանաչողությունը, երկու ժողովրդների կապերն էլ ավելի զարգանան ու ընդլայնվեն:
Նորին Սրբությունն իր խոսքում անդրադարձ կատարեց Հնդկաստանում հայերի պատմական ներկայությանն ու այսօրվա հայ համայնքի կյանքին։ Գոհունակություն հայտնելով հայկական սրբավայրերի բարվոք ու բարեկարգ վիճակի առնչությամբ՝ Ամենայն Հայոց Հայրապետն իր գնահատանքը փոխանցեց դեսպանին Հնդկաստանում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ցուցաբերվող հոգածու վերաբերմունքի համար:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց նաև Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի կրթական գործունեությունը և առաքելությունը հայ համայնքի կյանքի աշխուժացման գործում։
Դեսպան Յոգեշվար Սանգվանն իր հերթին ուրախություն հայտնեց համայն հայության հոգևոր կենտրոն այցելելու առիթով, ապա Նորին Սրբությանը ներկայացրեց Հայաստանում պաշտոնավարման մի քանի ամիսների իր տպավորությունները։ Նա խոսեց նաև հայ-հնդկական հարաբերությունների և առաջիկա ծրագրերի մասին։
Վերջում, իր բարեմաղթանքները փոխանցելով դեսպանին, Հայոց Հովվապետը բարի կեցություն և արդյունաշատ առաքելություն մաղթեց նրան:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: