Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին
Սեպտեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին:
Նորին Սրբությունը ողջունեց նորանշանակ դեսպանին` գոհունակությամբ ընդգծելով Մայր Աթոռի և դեսպանատան միջև ձևավորված ամուր կապերը, ինչպես նաև վստահություն հայտնեց, որ, հավատարիմ նախորդ դեսպանների օրինակին, բարի ավանդները կշարունակվեն նաև վերջինիս պաշտոնավարության ընթացքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշեց նաև, որ հայ ժողովուրդը երախտագետ ոգով է հիշում Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԳԴՀ նախագահի կողմից արված հայտարարությունը, ինչը մեծ քայլ էր Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման տեսանկյունից և կարևոր օրինակ Հայոց Ցեղասպանությունը չճանաչած մյուս պետությունների համար:
Զրույցի ընթացքում Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, վերստին իր բարեմաղթանքները բերելով նորանշանակ դեսպանին և շնորհավորելով Գերմանիայի վերամիավորման առաջիկա տոնի առիթով, իր աղոթքն ու օրհնությունը փոխանցեց Գերմանիայի բարեսեր ժողովրդին:
Դեսպան Մաթիաս Քիսլերն իր հերթին ջերմ ընդունելության համար երախտագիտություն հայտնեց Նորին Սրբությանը` հավելելով, որ քաջատեղյակ է Հայ Եկեղեցու ստանձնած վիթխարի առաքելությանը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում: Դեսպանը հավաստիացրեց, որ իր պաշտոնավարման շրջանում կանի ամենը, որպեսզի բարեկամ երկու երկրների ու ժողովուրդների միջև հարաբերություններն առավել զարգանան և համատեղ արդյունավորվեն:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: