Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին 25.02.2015
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

     Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
     Նորին Սրբությունն իր շնորհավորանքները փոխանցեց ԱՄՆ դեսպանին և վստահություն հայտնեց, որ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի և ԱՄՆ դեսպանատան միջև ձևավորված բարի հարաբերությունները և համագործակցությունը կշարունակվեն նաև նրա պաշտոնավարման ընթացքում:
     Գոհունակությամբ անդրադառնալով հայ-ամերիկյան միջպետական կապերին` Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ժողովրդին և իշխանություններին հայ ժողովրդին ցուցաբերվող զորակցության համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն արտահայտեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի կողմից գործադրվող ջանքերի կապակցությամբ:
     Հայոց Հայրապետը մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ նորանշանակ դեսպանի առաքելությունն ավելիով նպաստի երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում երկու պետությունների միջև համագործակցության զարգացմանը:
     ԱՄՆ դեսպանն իր հերթին ուրախություն հայտնեց հանդիպման առիթով, ապա ներկայացրեց հայ-ամերիկյան գործակցության արդյունքում իրականացվելիք ծրագրերի շրջանակը:
     Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձան նաև Հայ Առաքելական Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում, Քույր Եկեղեցիների հետ ունեցած ջերմ հարաբերություններին, ինչպես նաև Հայրենիքի և Եկեղեցու առջև ծառացած մի շարք մարտահրավերների:
Մասնավոր անդրադարձ եղավ Եկեղեցու կողմից միջեկեղեցական փոխգործակցության արդյունքում աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ի նպաստ գործադրվող ջանքերին, ինչպես նաև խոսվեց տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ կազմակերպվող հոգևոր առաջնորդների հանդիպումների մասին:
     Նորին Սրբությունը տիար Ռիչարդ Միլսին տեղեկացրեց Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասին` առանձնացնելով ապրիլի 23-ին Մայր Աթոռում տեղի ունենալիք Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը:
     Հանդիպմանը ներկա էին ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: